Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Corinthians 8

:
Armenian - NEA
1 Եղբայրնե՛ր, ուզում եմ, որ գիտենաք Մակեդոնիայի եկեղեցիներին տրված Աստծու շնորհի մասին։
2 Հակառակ իրենց կրած նեղությանն ու ծանր փորձությանը՝ նրանց ուրախությունն անսահման եղավ, և չնայած իրենց ծանր աղքատությանը՝ նրանք մեծ առատաձեռնություն ցուցաբերեցին։
3 Արդարև, վկայում եմ, որ հոժար կամքով տվեցին իրենց կարողության չափով և նույնիսկ իրենց կարողությունից էլ ավելի։
4 Թախանձագին աղաչում էին մեզ, որ շնորհ ունենան մասնակցելու սրբերին ուղարկվելիք օգնությանը։
5 Եվ ոչ միայն արեցին այնքան, որքան ակնկալում էինք, այլև իրենց նվիրեցին նախ Տիրոջը, ապա նաև մեզ՝ Աստծու կամքով։
6 Այնպես որ աղաչեցինք Տիտոսին, որ ավարտին հասցնի օգնության այդ գործը նաև ձեր մեջ, ինչպես որ սկսել էր նախապես։
7 Եվ ինչպես որ գերազանց եք ամեն ինչում՝ հավատով, խոսքով, գիտությամբ, ամենայն փութաջանությամբ և մեր հանդեպ ձեր ունեցած սիրով, ուզում ենք, որ այդ գործի մեջ էլ գերազանց լինեք։
8 Իբրև հրահանգ չեմ ասում, այլ ուրիշների փութաջանությունը տեսնելով՝ ձեր սիրո անկեղծությունն եմ փորձում։
9 Որովհետև գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսն ի՛նչ շնորհ արեց. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։
10 Եվ այս կապակցությամբ մի խրատ եմ տալիս. սա, ի դեպ, ձեր օգտի համար է. դուք ոչ միայն առաջինը եղաք այդ գործը ձեռնարկելու, այլև առաջինը կամեցաք դեռևս անցյալ տարվանից։
11 Արդ, ավարտի՛ն հասցրեք այն, որովհետև ինչ հոժարությամբ կամեցաք, նույնպես էլ իրագործեք ձեր ունեցածի չափով։
12 Եթե հոժարությունը կա, տրվածն ընդունելի է ըստ տվողի ունեցածի և ոչ թե ըստ չունեցածի։
13 Ոչ թե ուզում եմ ձեզ նեղության մատնել ուրիշներին թեթևություն պատճառելու համար, այլ թող լինի հավասարությամբ։
14 Ներկայումս ձեր առատությունը թող ծառայի նրանց կարիքներին, որ նրանց առատությունն էլ ծառայի ձեր կարիքներին, որպեսզի հավասարություն լինի,
15 ինչպես որ գրված է. «Ով շատ հավաքեց, նրա մոտ չավելացավ, իսկ ով քիչ հավաքեց, նրա մոտ չպակասեց» ։
16 Գոհություն Աստծուն, որ ձեզ համար նույն փութաջանությունը դրեց նաև Տիտոսի սրտում։
17 Տիտոսն իմ խնդրանքն ընդունեց և մեծագույն հոժարությամբ շտապեց գալ ձեզ մոտ։
18 Նրա հետ ուղարկեցինք նաև այն եղբորը, որի համբավը Ավետարանի քարոզչության գործում ծանոթ է բոլոր եկեղեցիներին։
19 Եվ ոչ միայն այսքանը, այլև կարգվելով եկեղեցիների կողմից՝ ճանապարհորդության ընկեր դարձավ մեզ՝ մասնակցելու այն բարերարություններին, որ մատուցվում են մեր կողմից Տիրոջ փառքի համար և մեր հոժար կամքով։
20 Բայց զգուշանում էինք, որ չլինի թե մեկն արատավորի այն ծառայությունը, որ մատուցվում է մեր կողմից,
21 որովհետև բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլև մարդկանց։
22 Նրանց հետ ուղարկեցինք նաև մեր այն եղբորը, որին փորձեցինք շատ բաների մեջ՝ միշտ պատրաստակամ գտնելով։ Եվ այժմ նա է՛լ ավելի պատրաստակամ է ձեր հանդեպ իր ունեցած մեծ վստահությամբ։
23 Ինչ վերաբերում է Տիտոսին, նա իմ մտերիմն է և ձեր գործակիցը։ Մյուս եղբայրները եկեղեցու առաքյալներն են և Քրիստոսի փառքը։
24 Եվ արդ, բոլոր եկեղեցիների առաջ նրանց նկատմամբ ցո՛ւյց տվեք ձեր սիրո և ձեր հանդեպ մեր պարծանքի ապացույցը։